ՎԶԵԲ-ի նախագահ է ընտրվել ֆրանսուհի Ռենո-Բասոն
Ֆրանսուհի Օդիլ Ռենո-Բասոն հինգշաբթի չորս տարի ժամկետով ընտրվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ: Ինչպես նշվում է ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ, այդ որոշումը կայացվել է բանկի Կառավարիչների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել կազմակերպության կենտրոնական գրասենյակում Լոնդոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՎԶԵԲ-ը պարզաբանում է, որ Ռենո-Բասոն պաշտոնապես իր պաշտոնավարումը կսկսի մինչեւ այս տարվա վերջ:
2012 թվականից ի վեր երկու ժամկետ անընդմեջ բանկի նախագահ էր ընտրվել բրիտանացի Սումա Չակրաբարտին, ում լիազորությունների ժամկետը լրացել էր այս տարվա հուլիսի 2-ին: Իսկզբանե բանկի նոր ղեկավարի ընտրությունը պետք է տեղի ունենար մայիսին, սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ-ի 29-րդ տարեկան ժողովը հետաձգվեց մինչեւ աշուն: Ռենո-Բասոյից բացի ՎԶԵԲ-ի նախագահի թեկնածուների թվում էին Լեհաստանի ֆինանսների նախարար Թադեուշ Կոսչինսկին եւ իտալացի պատգամավոր Պիեռ Կառլո Պադոանը, ով նախկինում զբաղեցնում էր էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնը: Վերջինս իր թեկնածությունը հանել էր հոկտեմբերի սկզբին:
Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր ստանալ ՎԶԵԲ-ի 71 բաժնետերերի կեսից ավելիի ձայները, որոնց թվում են 69 երկրների եւ տարածքների, Եվրամիության եւ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները:
Առաջիկա հինգ տարիներին բանկի առջեւ դրված նպատակների թվում է ապահովել, որպեսզի մինչեւ 2025 թվականն իր ներդրումների կեսից ավելին կատարվի կանաչ տնտեսական ծրագրերում, այդ թվում` վերականգնվող էներգիայի զարգացման: