Բարբարոսներ են, հոգևոր արժեքներ, մշակութային կոթողներ չեն ճանաչում․ Պարգև Սրբազան
Երկու անգամ խփեցին ամենափրկիչ եկեղեցուն, սա իսլամական տեռորիզմի ձեռագիրն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն ուղղված՝ հակառակորդի հարվածներին։
«Մշակութային կոթողներ, հոգևոր արժեքներ չեն խնայում և կոտորում են ինչպես աշխարհով մեկ, այնպես էլ մեր մոտ։ Ահա երկու տեռորիստների՝ Էրդողանի և Ալիևի ձեռագրերը։ 90-ական թվականներին իրենք վնասել էին Գանձասարը, Ամարասը, իսկ մենք իրենց մզկիթներին երբեք չենք կպել, նույնիսկ Շուշիի մզկիթն ենք ամբողջովին վերանորոգել, մենք հոգևորր մշակույթի, պատմության հետքերի հետ խնդիր չունենք, իսկ նրանք Նախիջևանում խաչքարերը մի քանի օրում ջարդեցին, սա է նրանց ձեռագիրը, բարբարոսներ են»,- ընդգծեց Պարգև Սրբազանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանը երկու անգամ տարբեր ժամանակահատվածում հարվածել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Երկրորդ հարվածի հետևանքով 3 լրագրող է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է, վիրահատվում է։