Կան փաստական տվյալներ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավվածության մասին. Գլխավոր դատախազ
Կան փաստական տվյալներ ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավվածության մասին։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստին ասել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական, առցանց նիստը: Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող եւ կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվող նախաքննությանը:
Գլխավոր դատախազն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ այդ հանցավոր գործողությունները, լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով եւ դրանց հետեւանքով սպանվել են բազմաթիվ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել է մեծ չափերով վնասներ:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ քրեական գործերի քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են իրականացվող ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից Սիրիայից եւ Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայինների ներգրավվածության մասին:
Համակարգող խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների ուշադրությունը հրավիրելով այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա՝ Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության եւ դրա տարածման անընդունելի դրսեւորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու եւ լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել այդ աշխատանքներում:
ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում, որպես առաջնահերթ խնդիր, ընդգծել է քաղաքացիների պաշտպանության եւ անվտանգության ապահովումը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով»,- հայտնում են Դատախազությունից։