Թուրքական լիրան ռեկորդային նվազագույնի է հասել դոլարի նկատմամբ
Հինգշաբթի օրը թուրքական արժույթն ընկել է` հասնելով 7.89 լիրայի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, հատելով նախորդ ռեկորդային նվազագույնը. նախորդ օրը 7.88 լիրա էր գրանցվել, հայտնել է Bloomberg-ը:
Ավելի վաղ Bloomberg-ը թուրքական ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության մեջ: Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սատարում է Բաքվին:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել էր սեպտեմբերի 27-ին, վիճելի տարածքում ակտիվ մարտեր են ընթանում: Ադրբեջանում և Հայաստանում ռազմական դրություն է մտցվել, մոբիլիզացիա է հայտարարվել: Երկու կողմերն էլ հայտնում են սպանվածների եւ վիրավորների մասին, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: