Կտրականապես արգելվում է բջջայիններով մարտական գործողությունների ընթացքը տեսանկարահանելն ու տարածելը. ՊՆ խոսնակ
Կտրականապես արգելվում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը։ Այ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես արգելվում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը։
Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող և մարտական գործողությունների հետ ցանկացած առնչություն ունեցող տեսանյութերը, որոնք, փաստացի, անմիջապես կարող են ուղղորդիչ դառնալ նրա կրակի համար, թիրախի վերածելով այն շրջանները, որտեղից մեր ուժերն իրականացնում են հաղթական գործողություններ»։