ԵՄ-ը Թուրքիային կոչ է արել վերանայել Կիպրոսում Ֆամագուստայի շրջանի բացման մասին որոշումը
Կիպրոսում Ֆամագուստայի շրջանի բացման մասին Թուրքիայի որոշումը հրադադարի մասին համաձայնագրի լրջագույն խախտում է, Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում վերանայել որոշումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այդ շրջանի բացումը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված հրադադարի մասին համաձայնագրի լրջագույն խախտում է: Այսօր մենք նոր հայտարարություն կտարածենք, որում ԵՄ 27 պետություններ Թուրքիային կոչ կանեն դադարեցնել այդ գործունեությունը»,-ասել է Բորելը:
Վարոշա տուրիստական հանգստավայրը երկրար տարիներ Կիպրոսի հիմնական զբոսաշրջային կենտրոնն է համարվել: Ոչ պաշտոնապես այն անվանել են «միջերկրածովյան Լաս Վեգաս»: 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակը ներխուժել է Կիպրոս այնտեղ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո: Արդյունքում Կիպրոսը կիսվել է հունական եւ թուրքական հատվածների:
Վարոշան հանրության համար փակ է 1974 թվականից: Վարոշան պաշտպանված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1984թ. բանաձեւով, որում ասվում է, որ դատարկ քաղաքում կարող են բնակվել միայն իր նախնական բնակիչները: Այս տարվա փետրվարին Թուրքիայի եւ չճանաչված «հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ներկայացուցիչները հայտարարել են բնակավայրը բացելու մտադրության մասին: