Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի»:
Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, եւ վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր:
Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն եւ ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով եւ բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ եւ ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:
Պարոն Փաշինյանը նաեւ մեղադրում է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջՙ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու եւ այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համար»: Նա ասաց. «Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու եւ թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է»:
Այս պատմական մեղադրանքները բնավ չեն նպաստում հակամարտության լուծմանն ուղղված նոր գաղափարների գեներացմանը: ՀՀ վարչապետը կրկնեց իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, չնայած որ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է բանակցություններ վարել չճանաչված Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:
Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների եւ հայր ու որդի Ալիեւների դինաստիայի կողմից:
Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»:
Պարոն Փաշինյանի այսօրվա մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ նա հակված է հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության գործընթացը»: