Կորոնավիրուսով է վարակվել ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլերը
Նոր կորոնավիրուս է ախտորոշվել ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլերի մոտ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միլերին մոտ աղբյուրին։
«Վերջին 5 օրերին աշխատել եմ հեռավար ռեժիմով եւ ինքնամեկուսացել եմ, իմ անալիզների պատասխանները բացասական էին մինչեւ ներառյալ երեկ։ Այսօր COVID-19-ի անալիզի արդյունքները դրական էին, ուստի կարանտինի մեջ եմ»,- Միլերի հայտարարությունն է մեջբերել հեռուստաընկերությունը, որը ստացել է աղբյուրից։
Սպիտակ տանն արդեն մի քանի անգամ գրանցվել են նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Քեթի Միլերի մոտ, որն այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղարն էր։ Նա Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլերի կինն է։ Հետագայում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի մոտ։ Քեթի Միլերը եւ Ռոբերտ Օ՛Բրայենն ապաքինվել են եւ աշխատանքի վերադարձել։ Դրանից բացի, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Սպիտակ տան մամուլի ծառայության անդամների մոտ։
Վերջին օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Թրամփի նախկին խորհրդական Քելիեն Քունուեյի, հանրապետական երեք սենատորների, Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռոն Մաքդենիելի, Սպիտակ տան տիրոջ նախընտրական արշավի մենեջեր Ուիլյամ Սթեփինի, Թրամփի անձնական օգնական Նիկ Լունայի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենիի եւ նրա 4 տեղակալների մոտ, հստակեցրել է CNN-ն։
Թրամփը հոկտեմբերի 2-ի լույս գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նույն օրը ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ մնահանգ)։ Թրամփը կենտրոնից դուրս է գրվել երկուշաբթի։ Նրան բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի առողջական վիճակը բժիշկներին թույլ է տալիս առանց վախենալու նրան հիվանդանոցից դուրս գրել։