Էրդողանի հերթական սադրանքը Կիպրոսի դեմ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի 46 տարի փակված Վարոշա զբոսաշրջային թաղամասի բացման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ֆամագուստայի Վարոշա տուրիստական հանգստավայրը հանրության համար փակ է 1974 թվականից՝ թուրքական զորքերի կողմից Կիպրոսի մի մասի գրավումից եւ կղզու մասնատումից հետո: Վարոշան պաշտպանված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1984թ. բանաձեւով, որում ասվում է, որ դատարկ քաղաքում կարող են բնակվել միայն իր նախնական բնակիչները: Այս տարվա փետրվարին Թուրքիայի եւ չճանաչված «հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ներկայացուցիչները հայտարարել են բնակավայրը բացելու մտադրության մասին:
«Հինգշաբթի օրվանից Հյուսիսային Կիպրոսի բնակիչները կկարողանան օգտվել քաղաքի ջրից: Տարածքը միանշանակ պատկանում է Հյուսիսային Կիպրոսին»,- ասել է Էրդողանը:
Ըստ կիպրական «Ֆիլելեֆտերոս» թերթի՝ Նիկոսիան լրջորեն մտահոգված է Թուրքիայի ծրագրերով: «Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Կիպրոսի Հանրապետության արձագանքը վճռական կլինի: Միավորված ազգերի կազմակերպությանը դիմելը այժմ ինքնըստինքյան ենթադրվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ թերթի, Էրդողանը փորձում է օգնել Էրսին Թաթարին գրավյալ տարածքներում կայանալիք ընտրություններում, ինչպես նաեւ սադրել հունա-կիպրական կողմի արձագանքը՝ Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձը ձախողելու համար: Միեւնույն ժամանակ թուրքական կողմը պնդում է, որ փակ քաղաքի կարգավիճակը չի փոխվում, ՄԱԿ-ի բանաձեւերը չեն խախտվում, այլ պարզապես բացվում է մուտքը դեպի լողափի մի մասը, գրում է թերթը: