Թրամփի վարչակազմը խստացնում է ներգաղթյալներին աշխատանքային վիզաների տրամադրման կանոնները
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է ներգաղթյալներին աշխատանքային վիզաների տրամադրման կանոնները, հայտնում է AFP-ը:
Ներքին անվտանգության վարչությունը հայտարարել է բարձր որակավորում ունեցող աշխատողների համար, այսպես կոչված, H-1B վիզաների տրամադրման նոր կանոնների մասին, որոնք տարեկան 85 000 մարդու թույլ են տալիս ներգաղթել:
Երեքշաբթի օրվա նոր կանոնները, որոնց մանրամասները չեն բացահայտվում, կնեղացնեն «մասնագիտության» սահմանումը: Ծրագիրը, որը կիրականացվի 60-օրյա քննարկումից հետո, նաեւ նախատեսում է, որ ընկերությունները «իրական» առաջարկներ անեն ԱՄՆ-ի բնակիչներին` նախքան օտարերկրացիներ ներգրավելու փորձերը:
Վիզային ծրագիրը լայնորեն օգտագործվում է Սիլիկոնյան հովտի ֆիրմաների կողմից` ինժեներներին եւ այլ հմուտ աշխատողներին ներգրավելու համար, որոնցից շատերը գալիս են Հնդկաստանից:
«Մենք մտել ենք մի դարաշրջան, երբ տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է»,- ասել է ներքին անվտանգության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վոլֆը: «Պարզ ասած՝ տնտեսական անվտանգությունը ներքին անվտանգություն է: Ի պատասխան՝ մենք պետք է ամեն ինչ անենք, օրենքի շրջանակներում, ամերիկացի աշխատողին առաջին տեղում դնելու համար»:
Անցյալ շաբաթ Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ շրջանային դատավոր Ջեֆրի Ուայթը նախնական որոշում է կայացրել, որով կառավարությունն արգելում է դադարեցնել H-1B վիզայի ծրագիրը: