ԱՄՆ քաղաքական գործիչները կոչ են արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ (Տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում մեկ տասնյակից ավելի պետական, դաշնային և քաղաքային պաշտոնյաներ նախօրեին հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսը, Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը և այլ գործիչներ կոչ են արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և դատապարտել հակամարտությունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը։
«Մենք ուղերձ ունենք Թուրքիայի և Էրդողանի համար. դուք ՆԱՏՕ-ի անդամ եք ։ Սկսե՛ք գործել որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ մենք ուղերձ ունենք Ադրբեջանին. դադարեցրե՛ք մարտական գործողությունները, այլապես հետևանքներ կլինեն»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը «Հայաստանի հետ համերաշխության դրսևորում» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ամերիկացիները երբեք չպետք է հաշտվեն քաղաքացիական օբյեկտների վրա կասետային ռումբերի կիրառման և այլ ռազմական հանցագործությունների հետ։ Ամերիկացիները երբեք չպետք է հաշտվեն աշխարհի այդ հատվածում ֆաշիստական թուրքական էքսպանսիոնիզմի հետ», - հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:
Ի նշան Լոս Անջելեսի հայ համայնքի հետ համերաշխության՝ մամուլի ասուլիսին առցանց մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։
«Մեր հայ եղբայրների և քույրերի համար ոչինչ չի կարող թեթևացնել այն ցավն ու անհանգստությունը, որ զգում են հենց հիմա: Արցախի քաղաքներ և համայնքներ ներխուժման ընթացքում կատարվել են անհարկի բռնության և անմեղ ընտանիքների վրա անհիմն հարձակումների ակտեր»,- ասել է նա։
Քաղաքապետը հայտարարել է, որ Լոս Անջելեսը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները միջազգային երկխոսությանն աջակցելու համար` Թրամփի վարչակազմին կոչ անելով դիվանագիտական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար։