Թրամփը Սպիտակ տուն է վերադարձել COVID-19-ից բուժվելուց հետո
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնից վերադարձել է Սպիտակ տուն, որտեղ բուժվում էր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Նրա վերադառնալու կադրերը ցույց են տվել տեղական հեռուստաալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ առաջնորդը կենտրոնից դուրս է եկել դիմակով՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նա չի պատասխանել լրագրողների հարցերին, որոնք, մասնավորապես, հետաքրքրվել են, թե Սպիտակ տան քանի՞ աշխատակից է հիվանդացել նրա հետ միասին, եւ արդյո՞ք ինքը ներկա պահին վիրուսի փոխանցող է։ «Բոլորից անչափ շնորհակալ եմ»,- ասել է Թրամփը, իսկ այնուհետեւ ուղղաթիռով ուղեւորվել իր նստավայր։
Ուղղաթիռը վայրէջք է կատարել Սպիտակ տան Հարավային բացատում, որտեղ նույնպես լրագրողներ էին հավաքվել նախագահական մամուլի ծառայությունից։ Թրամփը նրանց ողջունել է, բայց հարցերին պատասխանելու համար չի կանգնել։ Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, ԱՄՆ նախագահը միայն ասել է, որ իրեն «իսկապես լավ է զգում»։
Դրանից հետո Թրամփը բարձրացել է Սպիտակ տան հարավային մատույցի աստիճաններով եւ այնտեղից, բժշկական դիմակը հանելով, մի քանի անգամ պատիվ է տվել՝ շրջվելով դեպի ուղղաթիռը։
Թրամփն իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու մասին հայտնել էր ուրբաթ լույս գիշերը։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան պետության ղեկավարը ժամանել էր Մերիլենդ նահանգում գտնվող հոսպիտալ։ Այդ ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին պարզաբանել էր, որ որպես նախազգուշական միջոց որոշվել է, որ Թրամփը մի քանի օր անցկացնելու է այդ բուժհաստատությունում՝ շարունակելով աշխատել այնտեղից։