Շվեդիան պետք է դատապարտի Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն Արցախի դեմ պատերազմում. Արին Կարապետ
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր հայ-շվեդական բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետը հայտարարել է, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն պետք է դատապարտի Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն Արցախի դեմ պատերազմում: Արին Կարապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում մեծ գերտերությունների միջև տարածաշրջանային պատերազմի վտանգ է լինելու: «Կան հավաստի տեղեկություններ, որ Թուրքիան ապակայունացնում է տարածաշրջանը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պնդում է, որ ապացույցներ ունի, «Reuters»-ը եւ այլ հավաստի աղբյուրներ ևս հայտնել են, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել ահաբեկիչների, որոնք նախկինում կռվել են Սիրիայում եւ Լիբիայում: Ադրբեջանում իսլամիստ ահաբեկիչները կարող են հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին եւ Իրանին»,- գրել է Կարապետը:
Պատգամավորի կարծիքով` ԼՂ հակամարտության բռնկումը սպառնում է նաև Եվրոպային:
«Այն, ինչ մենք տեսնում ենք, հակամարտություն է մի կողմից բռնապետություններ Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից ժողովրդավարական Հայաստանի միջև: Ահա թե ինչու ես հարցում ուղարկեցի ԱԳ նախարար Ան Լինդեին։
Հաջորդ տարի Շվեդիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը: Ի ՞ նչ քայլեր կձեռնարկի Շվեդիան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ե ՞ րբ արտգործնախարարը կդատապարտի Թուրքիայի ռազմական միջամտությունը և ի ՞ նչ հետևություններ նա կանի Թուրքիայի մասով»,- գրել է Կարապետը: