Առանց մեկ վայրկյան մտածելու, հագնվել ու տնից դուրս եմ եկել. վերջերս զորացրված կամավորները հետևել են Վարչապետի կոչին (Տեսանյութ)
Մեկ տարի առաջ եմ ավարտել ծառայությունս, չէի կարողանում գնալ և որպես կամավոր, և որպես պահեստազորային, բայց վարչապետի կոչին հետևելով, առանց մեկ վայրկյան մտածելու, հագնվել ու տնից դուրս եմ եկել։ Այս մասին ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտակոչին արձագանքած երիտասարդը, որը մեկ տարի առաջ է զորացրվել ՀՀ ԶՈւ-ից։
Ինչպե՞ս ընդունեցին ձեր որոշումը տնեցիները՝ հարցին, երիտասարդը պատասխանում է. «Միանշանակ շատ լավ, ավագ եղբայրս էլ պահեստազորային է, հայրս 18 տարի է՝ զինվորական է։ Առանց մեկ վայրկյան կասկածելու, հաղթելու ենք, այստեղ ահագին գործեր ունեմ, գնամ շուտ ավարտենք ու գանք», ասել է նա։
Ինչ ունեցել եմ ծառայությունից մնացած՝ դրանք եմ վերցրել ու եկել եմ, ասել է մեկ այլ երիտասարդ, նշելով, որ զորացրվել է այս տարվա հունվարին։
«Դիմել էի որպես կամավոր, բայց օրենքը թույլ չէր տալիս, իսկ հիմա եկել եմ, արդեն կարելի է զորակոչվել», ասել է նա։
«Ես ունեմ ընկերներ ռազմի դաշտում հենց այս պահին, որոնցից լուրեր ենք լսում, լավ լուրեր, հենց դա է ոգեւորում, որ այս պահին, առաջին իսկ կանչով կարող ենք մեկնել ճակատ։ Ավտոբուսով հիմա կմեկնենք ճակատ», ասել է երրորդ երիտասարդը։
«Հասկանալի է, որ հիմա այդ կարեւոր պահն է։ Երբ 3 միլիոնը կռվում է 90 միլիոնի դեմ՝ արդեն հաղթել ենք», ասել է մյուս կամավորը։