«Պատերազմ է, որի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով». օպերային աստղի ուղերձը
Աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, որը բնակվում է Գերմանիայում, Արցախի սահմանին ծավալվող իրադարձությունների առնչությամբ իր ուղերձն է հղել միջազգային հանրությանը, իր օտարերկրյա լսարանին եւ գործընկերներին։ Հրաչուհի Բասենցն այնպիսի հեղինակավոր օպերային թատրոնների առաջատար մենակատար է, ինչպիսիք են Լոնդոնի Թագավորական, Վիենայի Շատսօպեր, Ստրասբուրգի, Դրեզդենի Սեմպերօպեր, Բեռլինի Կոմիշե օպերային թատրոնները:
«Սիրելի իմ ոչ հայ ընկերներ, կոլլեգաներ եւ բարեկամներ, քրիստոնյաներ եւ ոչ քրիստոնյաներ, բոլորին, ովքեր մտահոգ են եւ դեմ են պատերազմներին, ովքեր ինչ-որ կերպ մասնակից են և անգամ նրանց ովքեր դեռ մինչև հիմա լուռ են...
Այսքան ժամանակ փորձում էի զերծ մնալ եւ քաղաքական թեմաներին չխառնվել, քանի որ համոզված եմ եղել, որ արտիստներիս միակ քաղաքականությունը արվեստ, սեր, խաղաղություն և մշակույթ տարածելն է, եւ ես իրավունք չունեմ ձեզ ծանրաբեռնել իմ ու իմ երկրի խնդիրներով, բայց... սա այլեւս միայն իմ ու իմ հայրենիքի հարցը չէ, եւ ես այլեւս չարտահայտվել չեմ կարող։
Լռել այլեւս չի էլ կարելի...եւ մի՞թե արվեստի միջոցով չի, որ շատ հարցեր ենք լուծում, միթե մենք արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների եւ ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, միթե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության եւ արդարադատության:
Փոքր-ինչ ընկճված եմ, ներեցեք, ընկճված եմ շատերի լռությունից եւ չեզոք դիրքորոշումից այն դեպքում, երբ շատերը իմ շրջապատից ամեն առիթի ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության եւ ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը... ընկճված եմ, ներեցեք...ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս ու պայքարում է գոյատեւելու եւ ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար եւ 100 տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմ հանդիման...»,- նշել է նա։
Նա նշել է, որ սեպտեմբերի 26-ին իր երկար սպասված առաջնախաղն էր Պուչչինիի Մադամ Բատերֆլայ օպերայում Դրեզդենի Սեմպերօպերի բեմում. այն շատ հաջող էր, շատ մեծ ոգեւորությամբ ընդունվեց, բայց ուրախությունը կարճ տեւեց... «Հաջորդ առավոտյան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակում սկսվեց ամբողջ արցախա-ադրբեջանական ողջ սահմանագծով: Շատերդ, համոզված եմ, կարդում եք ու գիտեք, որ արդեն մեկ շաբաթ է ծանր պատերազմական դրություն է Հայաստանում եւ մի փոքրիկ հինավուրց քաղաքակրթություն` լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի փրկության համար, քանի որ այս պատերազմը այլեւս միայն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ չի, սա թուրքիայի տեռորիստա-սուլթանական ախորժակի եւ հայերին բնաջնջելու ծրագիրն է, այն ծրագիրը, որը 1915թ.-ին լիովին չհասցրեցին իրագործել` առանց անցյալի ոճրագործությունների համար պատասխան տալու եւ իր արժանի պատիժը ստանալու»։
Նա նշել է, որ պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով։ Երգչուհին հարց է հնչեցնում՝ ինչպես կարելի է կռել ու չեզոքություն պահպանել։
«Լռությունը նույն հանցագործությունն է: Էլի հայերիս կոտորում են, ու էլի աշխարհը չեզոք դիրք է գրավել... ու՞ր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը...ու՞ր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ու՞ր են իմ ազգով ու ինձնով հիացողները եւ նրանց վերաբերմունքն ու արձագանքը...ու՞ր եք ...չկաք, չեք ուզում խառնվել...բայց մենք պայքարում ենք նաեւ ձեզ համար, քանի որ ինչպես հայտարարեց մեր երկրի վարչապետը, մենք այլեւս «Դեր-Զորի ճամփորդներ» չենք եւ պայքարելու ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւս, իսկ մեզ հաղթելու դեպքում թուրքերն անցնելու են դեպի ձեզ...»։