Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները
Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետեւողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստման համակարգի սկզբունքային նոր մոտեցում ցուցաբերել:
Ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է եւ անցկացվում է տնօրենի հաստատած ժամանակացույցով: Գործընթացը զգալի չափով թվայնացվելու է՝ կրճատելով ժամանակն ու վարչարարությունը։ Մասնավորապես, ատեստավորման եւ վերապատրաստման ենթակա ուսուցիչների մասին ուսումնական հաստատությունների տնօրենները նշում են անելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ներբեռնելով նաեւ անհրաժեշտ տվյալները։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում լրացրած տվյալների հիման վրա նախարարությունը ինքնաշխատ կերպով կձեւավորի ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները:
Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները, որոնք մշակում են համապատասխան մոդուլներ՝ նախարարության սահմանած չափորոշիչների եւ ծրագրերի հիման վրա: Ուսուցիչը նախարարության հրապարակած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ընտրում է իր ցանկացած ընկերությունը, որի ծառայության դիմաց վճարում է դպրոցը՝ դրա համար հատկացվող միջոցներից:
Գործընթացի էական փոփոխությունն է, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորելու է նաեւ դասընթացներ, այդ թվում՝ առցանց: Ուսուցիչները կարող են ընտրել ինչպես երաշխավորված կազմակերպություններից որեւէ մեկի վերապատրաստումը, այնպես էլ երաշխավորված դասընթացներ։ Ընդ որում, հաշվի կառնվեն նաեւ ուսուցիչների՝ նախորդ տարիներին արդեն իսկ անցած վերապատրաստումները։ Այդ տեղեկատվության հիման վրա ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ եւ հնարավորություն կունենան բաց թողնել վերապատրաստման տվյալ բաղադրիչը՝ կրճատելով դրա վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։
Վերապատրաստման ավարտից հետո ուսուցչին տրվում է վկայական, որտեղ նշվում է դասընթացի մասնակցության եւ հավաքած կրեդիտների մասին։ Վերապատրաստման ծրագրի բաղադրիչ են համարվում ՏՀՏ գործիքների եւ նոր մեթոդների կիրառումը: Վերապատրաստման մասնակից ուսուցիչները ներկայացնում են ավարտական հետազոտական աշխատանքներ: Վերապատրաստող կազմակերպությունը հաստատում է դրանցում ակադեմիական ազնվությունը եւ գրագողության բացակայությունը, ինչպես նաեւ հրապարակում իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/):
Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած եւ սահմանված նվազագույն կրեդիտները հավաքած ուսուցչին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որը վավեր է ինչպես նույն դպրոցում, այնպես էլ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում: