Մնացականյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ զրույցում քննարկել է Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացումը
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը։ Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ եւ զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։
ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ եւ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։