Պոմպեոն հայտնել է, որ Սպիտակ տունը պատրաստ է Թրամփի հիվանդության հետ կապված իրադարձության ցանկացած զարգացման
Ամերիկյան վարչակազմը պատրաստ է Թրամփի հիվանդության հետ կապված իրադարձության ցանկացած զարգացման, ինչպես նաեւ այս կապակցությամբ օտարերկրյա պետությունների ցանկացած թշնամական գործողությունների։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լիովին պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի, որոնք կարող են տեղ գտնել»,- ասել է նա՝ նշելով, որ Թրամփը կիրակի անմիջապես հիվանդանոցիցի խորհրդակցություն է անցկացրել վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար։ «Նա այսօր խոսել է ամբողջ թիմի հետ, որը պատասխանատու է ազգային անվտանգության համար»,- հստակեցրել է նա։
Պոմպեոյին նաեւ հարց էին տվել այն մասին, թե կարո՞ղ է արդյոք որեւիցե օտարերկրյա պետություն Թրամփի հիվանդությունից օգվել իր շահերի շրջանակում։ «Ամբողջ թիմը պատրաստ է։ Մենք գիտենք, որ աշխարհում կան թշնամաբար գործող անձինք։ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է, պատրաստ է ինչպես Պետքարտուղարությունը, այնպես էլ մեր դիվանագետները։ Այսօր ցերեկը ես խոսել եմ գեներալ [Մարկ] Միլիի հետ (ամերիկյան ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ)։ Բոլորը պատրաստ են»,- պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
ԱՄՆ նախագահի բժիշկները կիրակի հայտնել էին, որ նրան կարող են դուրս գրել արդեն երկուշաբթի, որից հետո նա կվերադառնա Սպիտակ տուն, որտեղ կշարունակի բուժումը։ Սպիտակ տան տարածած՝ Թրամփի երկուշաբթիի աշխատանքային ժամանակացույցում նրա մասնակցությամբ ոչ մի միջոցառում նշված չէ։ Այնտեղ չի հստակեցվում՝ նրան հիվանդանոցից արդյոք դո՞ւրս են գրելու, թե՞ ոչ։