Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանի տարածքում են և ամբողջությամբ ներգրավված են ռազմական գործողություններին. Ադրբեջանագետը՝ հրապարակված լուսանկարի մասին
«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»․ այս մասին այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տարածել՝ գրելով․ «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:
Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»։
Գյանջայից արդեն տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել, որոնցից մեկը հրապարակել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, սակայն կարճ ժամանակ անց նա հեռացրեց այն սոցիալական ցանցերից։ Պատճառը կադրում երևացող թուրք զինվորականն է:
«Իրականում այո, թուրք զինվորական երևում էր լուսանկարում: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը այցելել էր Գյանջա՝ Գանձակ, և նրա կողքին երևում էր Թուրքիայի զինված ուժերի տարբերանշանով զինվորական, ինչը հերթական փաստացի ապացույցն է, որ Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանի տարածքում են և ամբողջությամբ ներգրավված են ռազմական գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ադրբեջանագետն ընդգծեց՝ հարվածներ եղել են ռազմական նշանակության օբյեկտներին, իսկ պատճառն այն է, որ ադրբեջանական կողմին բազմիցս զգուշացվել է՝ դադարեցնել Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ հրթիռակոծումը:
Եվ, քանի որ ադրբեջանական կողմը շարունակեց, դրա համար Արցախն իրեն իրավունք է պահել հարվածելու Ադրբեջանի ռազմական, ռազմավարական օբյեկտներին: