Դենիս Թումասյան. Ադրբեջանը լկտիաբար ներխուժում է Արցախի տարածք
Ռուսական «Չայկայի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ակումբի գլխավոր մարզիչի օգնական Դենիս Թումասյանը ռուսական Sports.ru-ի հետ զրույցում խոսել է Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների մասին:
«Ադրբեջանական բանակը լկտիորեն սկսեց ներխուժել Արցախի տարածք: Բնականաբար, հայ ժողովուրդը սկսեց պաշտպանել այն հողերը, որոնք պատմականորեն եղել են հայկական:
Նախկինում ևս Ադրբեջանը որոշ փորձեր է կատարել գրավել Լեռնային Ղարաբաղը, սակայն այն, ինչ հիմա կատարվում է, ավելի շատ նման է լայնամասշտաբ ռազմական գործողության: Բանը հասել է պատերազմի:
Հայաստանի վարչապետն արդեն հայտարարել է համընդհանուր զորահավաքի մասին: Լսեցի, որ շատ հայեր տուն են գնում ՝ պաշտպանելու իրենց հողերը: Այսօր ես կարդացի, որ Էդգար Մանուչարյանը, որի հետ խաղում էի «Ուրալում», զորակոչվել է բանակ:
Եթե այսպես շարունակվի, շատ անմեղ մարդիկ կմահանան: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղ ճանապարհով կլուծեն խնդիրը»,- ասել է Թումասյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: