ԵՄ-ն մարդասիրական օգնություն կհատկացնի ղարաբաղյան հակամարտության սրման հետեւանքով տուժածներին
ԵՄ-ն հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկու կողմերում տուժած քաղաքացիական բնակչությանը շտապ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին, հայտարարել է ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
Ֆինանսավորումը հնարավորություն կտա բժշկական ծառայություն, բժշկական սարքավորումներ, մթերային փաթեթներ եւ այլ անհետաձգելի օգնություն տրամադրել մի քանի հազար մարդու:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր: Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, պաշտպանել քաղաքացիական կյանքը եւ ենթակառուցվածքները: ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ եւ պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է նա:
500 000 եվրոյի նախնական ֆինանսավորումը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկերներին, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ օգնություն տրամադրել մարտական գործողություններից տուժածներին:
ԵՄ բոլոր մարդասիրական ֆինանսավորումը տրամադրվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան եւ փոխանցվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների ու հասարակական կազմակերպությունների միջոցով: