Քիչ առաջ ՄԱԿ-ում աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին ՀՀ ՄԻՊ-ի հաղորդումը. Թաթոյան
Քիչ առաջ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնվորապես, գրել է. «Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով: Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ ևս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին:
Այս տվյալները հաստատել են մի շարք պետություններ, ինչպես նաև դրանք շարունակում են հաստատվել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներով:
The guardian-ի, օրինակ, սեպտենմբերի 30-ին հրապարակել է Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընտանիքների հետ հարցազրույցներ ու դրանով ևս մեկ անգամ հավաստել, որ նրանք պատերազմում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ:
Սա կբերի հումանիտար աղետի Հայաստանից ու Արցախից բացի, նաև ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաև դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով:
Զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ արձանագրվող թիրախային հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ագրեսիվ ատելությունն ու բռնության կոչերը էթնիկ հայերի նկատմամբ ստեղծում են բոլոր նախադրյալներն առավել ծանր հետևանքների համար:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 հատուկ բանաձևով խիստ դատապարտել է վարձկանների օգտագործումը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, դա համարել ինքնին հանցագործություն, սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն հնարավորություններով: Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր:
Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են: Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակություն ու երաշխավորվում մարդու իրավունքները:
Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները»: