ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառել Թուրքայի դեմ` չնայած Կիպրոսի եւ Հունաստանի դեմ սադրանքներին
Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադադրեցվեն: Այս մասին ասվում է ԵՄ երկրների առաջնորդի հայտարարության մեջ:
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում Թուրքիային հետագայում զերծ մնալ նման գործողություններից: Եվրոպական խորհուրդը շեշտում է, որ մայրցամաքային ջրերի եւ բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման հարցը պետք է լուծվի բարեխիղճ երկխոսության եւ բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ, եւ կոչ է անում Թուրքիային ընդունել Կիպրոսի երկխոսության հրավերը` Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ բոլոր ծովային վեճերը կարգավորելու համար:
Եվրոպական խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների շուտափույթ վերսկսմանը եւ լիովին հավատարիմ է Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորմանը ՄԱԿ-ի շրջանակներում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի շրջանակներում: Նույնը նա ակնկալում է Թուրքիայից: ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր ունենալ բանակցություններին աջակցելու գործում:
Հունաստանի եւ Կիպրոսի դեմ անօրինական գործողությունների զսպմանն ուղղված կառուցողական ջանքերի պայմանով Եվրոպական խորհուրդը համաձայնել է դրական քաղաքական օրակարգ սկսել ԵՄ եւ Թուրքիայի միջեւ` մասնավորապես շեշտը դնելով Մաքսային միության արդիականացման եւ առեւտրի դյուրացման, մարդկանց միջեւ շփումների, բարձր մակարդակի երկխոսությունների, միգրացիայի խնդիրների շուրջ համագործակցության շարունակման վրա` ԵՄ-Թուրքիա 2016 թվականի հայտարարությանը համահունչ:
Եվրոպական խորհուրդը, Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ համագործակցությամբ եւ Բարձր ներկայացուցչի աջակցությամբ, իր նախագահին հրավիրում է առաջարկ մշակել այդ ուղղությամբ ԵՄ-Թուրքիա օրակարգի ակտիվացման համար:
Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ միակողմանի գործողությունների կամ սադրանքների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն ու հնարավորությունները` իր եւ անդամ երկրների շահերը պաշտպանելու համար:
Եվրոպական խորհուրդը կշարունակի ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ, համապատասխանաբար, կվերադառնա եւ համապատասխան որոշումներ կընդունի իր դեկտեմբերյան նիստից ոչ ուշ»,- նշվում է հայտարարության մեջ: