Ադրբեջանաթուրքական զինուժը նշանառել է նաեւ իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին. հայտարարություն
Մամուլի ազգային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի զինուժի կողմից լրագրողներին թիրախաբվորելուն:
Հայտարարությունում ասվում է. «Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, երբ պետություններն ու հասարակություններն ամիսներ շարունակ պայքար են մղում Covid-19-ի դեմ, երբ համաշխարհային տնտեսությունը սոսկալի վնասներ է կրում՝ սոցիալական ծանր բեռ դնելով մարդկության մեծ մասի վրա, երբ մարդկությունը փորձում է միավորվել ընդդեմ հումանիտար այդ աղետի, ահա այս բարդ իրավիճակում, այս տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սանձազերծեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ:
Խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմի այս վեց օրերի ընթացքում շարունակ նշանառում եւ սպանում են Հայաստանի ու Ղարաբաղի խաղաղ բնակչությանը:
Ադրբեջանաթուրքական զինուժը նշանառել է նաեւ իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին՝ հրետակոծելով, վիրավորելով եւ սպանելով նրանց:
Կոպտորեն խախտելով լրագրողների իրավունքների եւ մասնագիտական գործունության պաշտպանության միջազգային սկզբունքներն ու պահանջները, պատերազմի այս մի քանի օրերի ընթացքում ադրբեջանաթուրքական զինուժի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորվել են Ղարաբաղի Մարտունի շրջանում իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրողները, իսկ նրանց ուղեկիցը՝ սպանվել:
Նշանառության են ենթարկվել նաեւ՝
- France-Presse լրատվական գործակալության լրագրողները,
- հայկական «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ծառայության նկարահանող խումբը, որի օպերատորը վիրավորվել է,
- հայաստանյան 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը,
- ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը,
-«ՍիվիլՆեթի» նկարահանող խումբը,
- «Շանթ» հեռուստաընկերության եւ tert.am լրատվական կայքի նկարահանող խմբերին նշանառել է անօդաչու թռչող սարքը:
Մամուլի ազգային ակումբ խստորեն դատապարտում է՝
- ադրբեջանաթուրքական զինուժի ագրեսիան Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ,
խաղաղ բնակչության հրետակոծությունները,
լրագրողներին նշանառելու եւ հրետակոծելու գործողությունները:
Մամուլի ազգային ակումբը դիմում է՝
միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի այսօրինակ գործողությունները, խնդիրը բարձրացնել մարդու իրավունքների, խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանության բոլոր կառույցներում,
մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով դատապարտել եւ խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնք կոպտորեն խախտում եմ միջազգային իրավունքները:
Մամուլի ազգային ակումբն առաձնահատուկ ընդգծում է ռամաճակատում աշխատող հայ եւ օտարերկրացի իր բոլոր գործընկերների աշխատանքը, որոնք իրենց կյանքը վտանգելով, արկերի պայթյունների եւ հրետակոծությունների տակ միջազգային հանրությանն են ներկայացում Ադրբեջանի եւ Թուրքիայի մեղքով աշխարհի այժմ ամենաթեժ կետի վերածված Հայաստանի եւ Ղարաբաղի մասին:
Մամուլի ազգային ակումբը լիահույս է՝
միջազգային լրագրողական համայքն իր աջակցությունը կհայտնի Հայաստանում եւ Ղարաբաղում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին,
աշխարհին կպատմի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ իրականացվող ագրեսիայի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
միահամուռ հանդես կգա ի պաշտպանություն թեժ կետերում աշխատող հայ եւ օտարերկրացի լրագրողների կյանքի եւ մասնագիտական անարգել գործունեության իրավունքների: