Թրամփի շտաբի խորհրդականը հրաժարական է ներկայացրել ինքնասպանության փորձ կատարելուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ավագ խորհրդական Բրեդ Փարսքեյլը հայտարարել է, որ ինքնասպանության փորձից հետո իր պաշտոնից հեռանում է, հայտնում է Politico պարբերականը։
«Ես հեռանում եմ իմ ընկերությունից եւ մոտ ապագայում հրաժարվում շտաբում ցանկացած աշխատանքից, որ կենտրոնանամ ընտանիքիս վրա եւ օգնություն ստանամ մեծ սթրեսի դեմ պայքարում»,- հայտարարել է խորհրդականը։
Պարբերականի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Փարսքեյլի կինն ամուսնուն գտել էր հրացանը ձեռքին։ Նա սպառնում էր ինքնասպան լինել։ Տեղ հասած ոստիկանները տղամարդուն համոզել են հանձնվել, նրան հոսպիտալացրել են։
Ոստիկաններն ավելի ուշ կնոջ մարմնի վրա կապտուկներ են հայտնաբերել, սակայն նա կտրուկ հայտարարել է, որ ամուսինն իր նկատմամբ երբեք բռնություն չի կիրառել։
Նախագահի նախընտրական շտաբում, իրենց հերթին, հայտնել են, որ պատրաստ են «հնարավոր ամեն ինչով» աջակցել հեռացած խորհրդականին։