ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը մտահոգված է օտարերկրյա գրոհայինների տեղակայմամբ` Ղարաբաղում հակամարտությանը մասնակցելու համար
Ռուսաստանը մտահոգված է ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայման մասին ստացվող տեղեկատվությունից: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության չորեքշաբթի օրը հրապարակված մեկնաբանության մեջ:
«Ըստ ստացված տեղեկատվության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից, անօրինական զինված կազմավորումների զինյալներ են տեղափոխվում՝ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար: Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի սրմանը, այլեւ երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը:
«Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների օգտագործումը հակամարտությունում եւ նրանց անհապաղ դուրս բերումը տարածաշրջանից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։