Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան, որոնք ներգրավվել են ռազմական գործողություններում. РБК
Թուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Անկարայի աջակցությամբ Սիրիայում վարձկաններ են հավաքագրում՝ Ղարաբաղում հակամարտության գոտի ուղարկելու և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է ռուսական РБК լրատվամիջոցը՝ հղում տալով Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնին:
Կենտրոնը գրանցել է նվազագույնը 850 զինյալի տեղափոխում Ադրբեջան: Սեպտեմբերի 29-ին կենտրոնը հաղորդել է այն մասին, որ զինյալների թիվը կազմել է 320, սակայն 1 օրում հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 520 մարդ: Ադրբեջան ուղարկվելիս իրենց հիմնական առաջադրանքն առանձին հատվածների պահպանությունն է եղել, սակայն արդյունքում իրենց ներառել են ռազմական գործողություններում:
Կենտրոնը, հղում անելով աղբյուրների, հաղորդում է, որ վարձկանների մեծ մասը սիրիական թուրքմեններ և Սիրիայի հյուսիսի թյուրքական բնակչության ներկայացուցիչներ են: Անկարային աջակցող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել:
Բացի դա, РБК-ն գրում է, որ կենտրոնը հաղորդում է նաև Սիրիայում հայկական սփյուռքից հակամարտության գոտի մարտիկների տեղափոխման մասին, սակայն չի հստակցվում, թե քանի հոգու մասին է խոսքը:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն 3 վարձկան է սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից:
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների:
Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:
Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով: