Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես նշել է Կրեմլը, երկու պետությունների ղեկավարները «կտրուկ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաեւ մտահոգություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ»:
Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի եւ դեէսկալացիայի կոչ են արել:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի, դեէսկալացիայի եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ են արել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ զրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով կարգավորումը այլընտրանք չունի: «Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Նրանք պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման»,- տեղեկացրել է Կրեմլը:
Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու փորձերի եւ օրինական իշխանությունների վրա արտաքին ճնշման անթույլատրելիության վերաբերյալ:
«Անդրադարձ է կատարվել նաեւ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Ռուսական կողմը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի եւ օրինական իշխանությունների վրա արտաքին ճնշման անթույլատրելիության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ: