Մոսկովյան կինոփառատոնի կազմակերպիչները արտամրցութային ծրագրից հանել են Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմը
Մոսկովյան կինոփառատոնի կազմակերպիչները արտամրցութային ծրագրից հանել են Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը «Ինտերֆաքսին» ասել է, որ դա որպես նախազգուշական միջոց է արվել։
«Կինոնկարը հանվել է այն հանգամանքով պայմանավորված, որ ուղղակիորեն կապված է Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հակամարտության, ռազմական գործողությունների հետ․․․ Երբ սկսվեց ռազմական գործողությունների էսկալացիան, որոշում ընդունվեց, որ հանուն Մոսկվայում եւ Ղարաբաղի շուրջ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներից խուսափելու մենք ձեռնպահ կմնանք կինոնկարի ցուցադրությունից, չնայած կինոնկարը լավն է։ Սա ուղղակիորեն Ղարաբաղի հետ կապված կինոնկարի հանդեպ նախազգուշական միջոցառում է»,- ասել է նա։
«Դրախտի դարպասներ» ֆիլմը պատմում է ճակատային օպերատորների մասին, որոնք 1990-ական թվականներին լուսաբանել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները։
Ռազլոգովի խոսքով՝ ավելի վաղ կազմակերպիչներին էր դիմել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ պահանջելով կինոնկարը հանել փառատոնի ծրագրից, բայց նրան մերժել էին։ Ռազլոգովը նաեւ խոստացել է ժապավենը ցուցադրել հաջորդ փառատոնում, «եթե հակամարտությունը հանդարտվի գոնե հրադադարի մակարդակում»։
Մոսկովյան 42-րդ կինոփառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը։ Մրցութային ծրագրին մասնակցում է 13 ֆիլմ։