Հունաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է պահանջում` Ղարաբաղում սրումը քննարկելու համար
Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նամակ է հղել Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` խնդրելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ գումարել`ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը քննարկելու համար:
Հունական նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում անցկացնել ԵԱՀԿ-ում` երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ եւ դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը մնում է բանակցությունների անհապաղ վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Վերոնշյալ նամակը կապված է Հունաստանի` ճգնաժամն անմիջապես լիցքաթափելու ջանքերին նպաստելու պատրաստակամության հետ` պատրաստակամություն, որը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտնել էր իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանին վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հայտնում է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը, վաղը Դենդիասը նախատեսում է կրկին կապ հաստատել իր հայ գործընկերոջ հետ:
Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե` զենքով: Հունաստանը հավանություն չի տալիս երրորդ կողմի միջամտություններին, որոնք խթանում են լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից եւ հայտարարություններից, որոնք այդ ուղղությամբ են շարժվում, նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: