Փաշինյան. Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է: Շատ դժվար է խոսել սահմանների մասին, երբ դիմելու ժամանակն է: Մենք սերտ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը: «Այլ հարց է` ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի: Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից եւ ընդհանուր քաղաքական ենթատեքստից»,- ասել է նա:
Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում: «Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումը: Ոչինչ չի փոխվել»,- ասել է նա: Ավելի վաղ հոկտեմբերի 8-9-ը նախատեսվում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երևանում: