Պատերազմը միավորեց. Նախկիններն ակտիվացել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ առիթը բաց չեն թողնում նախկիններին մեղադրելու համար, որ իշխանությունների ձախողումն են երազում եւ ամեն անհաջողությունից ուրախանում են։ Անգամ ոմանք հայտարարում են, թե նրանց ցանկություններն է կատարում Ալիեւը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ալիեւի ու ընդդիմադիրների տեսակետները, լեքսիկոնը համընկնում են։
Իրականում, այս օրերին մեծ թվով նախկիններ, որոնք շատ են տուժել Փաշինյանի իշխանությունից, իրենց նեղացածությունը մի կողմ դրած, լծվել են Արցախին օգտակար լինելու գործին՝ չնայելով, թե ով է պետության ղեկին։
Երեկ «Գալաքսի» ընկերության սեփականատերերը՝ մեկ տարուց ավելի բանտում գտնվող, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Գագիկ Խաչատրյանի որդիները, 50 միլիոն դրամ փոխանցեցին Զինվորների հիմնադրամին եւ ամեն ինչով օգնում են սահմանի տեխնիկական զինման հարցերում։
Հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանը երեկ ողջ օրը հանդիպումներ էր ունեցել ՄԻԵԴ-ի գործընկերների հետ՝ Հայաստանից ուղարկված հայցի հետ կապված։ Միջազգային կապեր ունեցող ՀՀԿ-ականները (Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան) համակարգիչներից չեն հեռանում՝ նամակներ են գրում, կապվում են եվրոպացի եւ ռուս գործընկերների հետ՝ հայկական տեսակետն են առաջ մղում։
Իսկ Սերժ Սարգսյանի Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Սաղաթելյանը մի մեծ խմբով երեկ շտապում էր Արցախ՝ միջազգային լրատվականների համար ինֆորմացիոն շտաբ ձեւավորելու, ինչպիսին գործում էր 2016-ի ապրիլին։
Դե, իսկ օրվա ընթացքում էլ տեղեկացանք, որ Մարտի 1-ի գործով «ամբաստանյալներ» Սեյրան Օհանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Արցախ շտապել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: