ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են Արցախի սահմաններին տիրող իրավիճակը, Պատրուշևը խորը մտահոգված է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանմն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Արմեն Գրիգորյանն նշել է նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:
Այժմ Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։