CNN․ ԱՄՆ գլխավոր վարակաբանի կարծիքով՝ Թրամփը կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է ստանում
ԱՄՆ Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սքոթ Ատլասը ԱՄՆ առաջնորդին նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանության համավարակի մասին հայտնում է ենթատեքստից կտրված կամ ընդհանրապես կեղծ տվյալներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այո՛, ինձ մտահոգում է, որ երբեմն բաներ են ասում, որոնք իրականում ենթատեքստից կտրված են կամ իրականում ճշմարիտ չեն»,- CNN-ի եթերում ասել է Ֆաուչին՝ պատասխանելով այն հարցին, թե մտահոգվա՞ծ է արդյոք, որ Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի մեջ մտնող Ատլասը, հավանաբար, Թրամփին կեղծ տվյալներ է հայտնում։
Ընդ որում՝ ԱՄՆ գլխավոր վարակաբանը պատրաստակամություն է հայտնել Թրամփի խորհրդականի հետ քննարկելու իրենց միջեւ եղած հակասությունները։
NBC հեռուստաընկերությունը երեկ հայտնել էր, որ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանն առընթեր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը նույնպես ԱՄՆ նախագահի խորհրդականին մեղադրել է ստի մեջ։ «Այն ամենը, ինչ նա [Թրամփի խորհրդական Սքոթ Ատլասը] ասում է՝ սուտ է»,- հեռուստաալիքի փոխանցմամբ Ատլասի մասին ասել է Ռեդֆիլդը կոմերցիոն ավիաչվերթներից մեկի ժամանակ հեռախոսային զրույցում։
Օգոստոսի 31-ին The Washington Post պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմում իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ատլասը Սպիտակ տանն ակտիվորեն առաջ է մղում կորոնավիրուսի դեմ պայքարում շվեդական մոդելին անցում կատարելու գաղափարը, որը նախատեսում է բնակչության կոլեկտիվ իմունիտետի ստեղծման համար խիստ սանիտարական միջոցառումների հանում։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը պարբերականին հայտնել էր, որ Ատլասն իրեն հակադրում է երկրի գլխավոր վարակաբան Ֆաուչիին։ Ընդ որում՝ պարբերականը նշել էր, որ Ատլասը վարակիչ ֆիվանդությունների կամ համաճարակների դեմ պայքարի ոլորտում փորձ չունի։ Այդուհանդերձ, նրա առաջարկած մոտեցումը ԱՄՆ նախագահին դուր է գալիս, քանի որ, ինչպես ենթադրվում է, երկրի տնտեսության համար վնասները նվազեցնում է։
Ատլասը սեպտեմբերի 24-ին ոչ ստույգ էր անվանել Ռեդֆիլդի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ բնակչության ավելի քան 90 տոկոսը դեռեւս ենթակա են նոր կորոնավիրուսով վարակվելու վտանգին։ Նա նաեւ շեշտել էր, որ ԱՄՆ իշխանությունները բարձր են համարում այն հավանականությունը, որ կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութերից առնվազն մեկի փորձարկումները կավարտվեն հոկտեմբերին, որից հետո դեղամիջոցը կուղարկվի ստանալու Միացյալ Նահանգների Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչության հավանությունը։