Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկում իր դաշնակից Արբեջանին օգնության․ Reuters
Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում Բաքվին աջակցելու համար Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալների է ուղարկում Ադրբեջան»։
Reuters-ը տեղեկացնում է, որ ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանի ներկայացրած տվյալների՝ Թուրքիան հյուսիսային Սիրիայից շուրջ 4000 զինյալ է ուղարկել Ադրբեջան, և նրանք կռվում են այնտեղ։ Ըստ Reuters-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սակայն հերքել է այս պնդումը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա որևէ մեկնաբանություն այս երկրից չի ստացվել, չնայած, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը խոստացել են աջակցել Բաքվին։
Երկու զինյալներ Reuters-ին պատմել են, որ իրենք հյուսիսային Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբերից են և, որ իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։ Զինյալները սակայն հրաժարվել են ներկայանալ։
Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող «Ահրար ալ-Շամ» խմբավորման շարքերում կռված զինյալը պատմել է, որ ստիպված է դիմել այս քայլին, քանի որ ապրելու միջոց չունի։
Երկու զինյալներն էլ հայտնել են, որ իրենց ամսական 1500 դոլար են խոստացել, ինչը մեծ գումար է Սիրիայի համար։
Reuters-ի զրուցակից սիրիացի մյուս զինյալի խոսքով՝ իրեն հաղորդել են, որ շուրջ 1000 սիրիացի է տեղակայվում Ադրբեջանում։ Այլ ապստամբները, որոնք նույնպես հրաժարվել են ներկայանալ, հայտնել են 700-1000 զինյալի մասին։
Երկու զինյալները Reuters-ին անցյալ շաբաթ պատմել էին, որ պետք է մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ հսկելու, ոչ թե կռվելու համար։ Սեպտեմբերի 28-ին, սակայն, գործակալությունը նրանց հետ չի կարողացել կապ հաստատել և պարզել նրանց գտնվելու վայրը։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին, իսկ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել էր իր հարևանի վրա հարձակվելու մեջ։
Սիրիացի զինյալների օգտագործումը, ըստ գործակալության, երրորդ թատերաբեմն է ստեղծել Անկարայի և Մոսկվայի միջև տարածաշրջանային մրցակցության համար։