Foreign Policy-ն Ադրբեջանի պարտությունների պատճառը համարել է բանակում առկա կոռուպցիան
Հայաստանի և Արցախի դեմ 1990-ական թվականներից Ադրբեջանի ծավալած մարտերում այդ երկրի պարտությունների հիմնական պատճառը Foreign Policy-ն համարել է բանակում առկա կոռուպցիան և զինակոչիկների հոգեբանորեն կոտրված լինելը: Լրատվամիջոցն այս մասին գրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սրված իրավիճակի մասին հոդվածում:
Հովածում անդրադարձ է կատարվում Արցախյան պատերազմից մինչ օրս Ադրբեջանի սանձազերծած գործողություններին` 2016թ. Ապրիլյան պատերազմին, 2020թ. հուլիսյան դեպքերին և առանձին վերցված այլ բախումներին: Նշվում է, որ բոլոր դեպքերում Ադրբեջանի պարտությունների պատճառն այն է, որ բանակը կոռումպացված է, զինակոչիկները հոգեբանորեն կոտրված, իսկ հայկական զորքերն ավելի մարտունակ են և որակապես գերազանցում են իրենց քանակապես մի քանի անգամ գերազանցող թշնամուն:
Foreign Policy-ն նաև նշում է, որ Ադրբեջանին իր անթաքույց աջակցությունն է ցուցաբերում Թուրքիան, որը մինչ օրս ժխտողական քաղաքականություն է վարում 1915թ. Օսմանյան թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։