Այսօր մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 105-ամյակն է
Այսօր մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 105-ամյակն է: Շողեր Քոչարը հիշեցրեց: Պարզվեց, նրա անունով էջ կա, որ ստեղծել է Արամ Ղանալանյանը... Խորին խոնարհումս Մեծ Ճարտարապետի հիշատակին: Հիշում եմ այն տարինեը, երբ ստեղծվեց Սարդարապատի հուշահամալիրը - Ճարտարապետի գլուխգործոցը... Ինչ ցնծության ժամեր ենք ապրել այնտեղ... Բերում եմ համեստ ծաղիկներս - բանաստեղծության մեջ բացված:
ԼՈՒՅՍԻ ՏԱՃԱՐ
Սարդարապատի թանգարանի շենքի
հեղինակ, ճարտարապետ Ռ. Իսրայելյանի
անմահ հիշատակին
Ա.
Նեղ ու մրոտ երդիկներից
Լույս է կաթել միշտ մեր հացին,
Եվ մի պտղունց կապույտ երկինք՝
Մեր խնդությանն ու մեր լացին:
Մեր հողաշեն խրճիթները
Ժամանակի գետը տարավ,
Բայց նրանց հետ ոչ մի երդիկ
Չխավարեց ու չկորավ:
Մի լուսապաշտ ճարտարապետ
Լույսն հավաքեց երդիկների
Ու նրա մեջ ու նրա հետ՝
Պարզությունը խրճիթների:
Հնամենի մեր վանքերից
Առավ անանց կշիռ ու ձև,
Մեր լեռների խոյանքներից
Առավ նա ուժ ու առավ թև:–
Ապա տեսավ իր աչքի դեմ
Մի այնպիսի արարչություն,
Որ բերդ լինի ու վանք լինի
Եվ հացաբույր հայրենի տուն:
Ու երբ տեսավ, սրտից հանեց
Երդիկները արևածին.–
Այստեղ բացեց ու լույս ցանեց
Մեր խնդությանն ու մեր հացին:
Բ.
Իմ հի՜ն երկիր, սիրո՜ երկիր,
Ինչքա՛ն երկար փնտրել եմ քեզ,–
Այսօր աչքին իմ հառնեցիր
Այս նորակերտ ամրոցի պես:
Դարպասդ փակ' ոսոխի դեմ,
Անլուսամուտ' մութի դիմաց,
Բայց արևի թանկ շողի դեմ՝
Քո դարավոր երդիկը բաց:
Եվ թե ունես դու լուսամուտ,
Դու բացել ես քո իսկ լույսին'
Նրա խորքին ինքնախորհուրդ,
Քո մորմոքին ու քո հույսին:–
Ներշնչանքիդ ալմաստ սարին'
Արագածին քառակատար,
Քո Արարատ սրտի ցավին
Եվ իղձերին քո անկատար:
Եվ այնտեղից, և երկնքից
Ցոլք է կաթում գիշեր ու տիվ
Եվ խառնվում' որպես շնորհ,
Մասունքներիդ ցոլքին ազնիվ:
Չորս կողմդ լույս' գոյության թագ,
Լինելության անմար կնիք –
Լույսին հավետ դու հպատակ,
Լույսի տաճա՛ր իմ հայրենիք:
23–24.5.1982
Լեւոն Դռնոյան Ֆեյսբուք