Հերոս էիր` անմահացար. Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Քարին Տակ գյուղից էր
NEWS.am–ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 42–ամյա Լեռնիկ Վարդանյանը Արցախի Քարին Տակ գյուղից էր, Հայոց բանակի լավագույն սպաներից։
Լեռնիկ Վարդանյանը ամուսնացած էր, ունի երեք երեխա՝ երկու դուստր, մեկ որդի. վերջինս դպրոցական է։
Ֆեյսբուքյան օգտատերերից Արման Ավետիսյանն իր էջում գրել է .
«Վախ Լեռնո ջան.....հզոր ջան...... խիզախ ջան...... հումորով ջան.... Հերոս էիր` անմահացար! Ամեն օպերբաժին մտնելդ հումոր ու ուրախություն էր... լիքը լավ հիշողություններ կան որոնք անմար են մնալու....
Փառք քեզ Վարդանյան ջան»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
Պաշտոնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 31 զոհ։