Սահմանում զոհված 35–ամյա զինծառայող Հասմիկ Արզումանյանը Սյունիքից էր, 13–ամյա երեխայի մայր (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներից 35–ամյա Հասմիկ Արզումանյանը Սյունիքի մարզի Նորավան գյուղից էր։ Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014-ից։
Մեր տեղեկություններով՝ Հասմիկ Արզումանյանը ծառայում էր Կապանում, ունի 13–ամյա դուստր։
Հարազատների խոսքով՝ Հասմիկը հոգատար մայր էր, ընկերների շրջանում հարգանք վայելող կին։
Հասմիկի զինվորական ծառայությանն անդրադարձել է նաև «Հայրենասեր Հայուհի» ֆեյսբուքյան էջը, որտեղ գրված է. «ՀՀ ՊՆ հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ էր հեղինակում»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: