«Իմ Լեռնիկն է». Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր
Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց... միթե Նա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղրազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին ...
Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից ... իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս ... Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը ...
Լեռնիկին վերջին անգամ 2016-ի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զորամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրված տեղանքում գտնվող զորամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։
Սահմանը մոտ էր ու մարտական գործողություններ էին գնում այդ ժամանակ, ամեն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պահակակետերը։
Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զորամաս՝ ամեն պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու ամեն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակետին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։
Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պահակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։
Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանի որ հարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։
Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զորամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան երկու տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինվորական ուղի ու հետո ջերմությամբ բաժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016-ից հետո ընդամենը 2 անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։
Իսկ հիմա ... Լեռնիկը չկա ... կինոժապավենի պես հիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու ... կոկորդս սեղմվում է ...
Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։
Կհանդիպենք մի օր»: