Շատ մտահոգիչ է Թուրքիայի միջամտությունը, որը մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք. Կոնստանտին Զատուլին
Իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ այդ հակամարտությունը կարող է վերաճել շատ խոշոր ծավալների: Այդ մասին «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին խոսելից:
«Ռուսաստանն, իհարկե, կմիջամտի հանուն հակամարտության դադարեցման: Ես նկատի ունեմ դիվանագիտական միջամտությունը: Մեր կողմից կայուն ձգտումը ռազմական գործողությունների դադարեցումն է եւ հրադադարի ռեժիմի վերադարձը»,-հայտարարել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ ոչ միայն Ռուսաստանն է ձգտում օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Մեզ հետ նաեւ համաձայն է Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: «Մյուս կողմից, գործողությունները, որոնք ձեռնարկվել են վաղ առավոտյան ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որն ակնհայտորեն ցանկանում էր ցուցադրել ուժն ու ռեվանշի ունակությունը, ըստ ամենայնի, աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից»,-ենթադրել է քաղաքական գործիչը:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը սեւեռել առ այն, որ մենք ամեն կերպ փորձում ենք բարեկամական հարաբերություններ կառուցել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, սակայն փաստը, որ այդ հակամարտությունը սկսվել է այն բանից մի քանի օր անց, երբ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը ժամանել էր Ռուսաստան, եւս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը չի ամաչում այդ առիթով»,-նշել է նա:
Ակնհայտ է, որ ադրբեջանցինեըր չեն համաձայնեցրել այդ գործողությունները Ռուսաստանի հետ, սակայն միեւնույն ժամանակ քաղել են որոշակի ազդակներ մեր երկկողմանի համագործակցության փաստից, այդ թվում՝ խորհրդարանական գծով:
Զատուլինը նշել է, որ վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած բախումները սահմանին դեռեւս կարելի է անվանել անախորժություն, սակայն այժմ բոլորովին այլ իրավիճակ է: «Համարում եմ, որ, անշուշտ, հակամարտությունը պետք է դադարեցվի: Ես համարում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով: Այդ դեպքում դա անախորժություն անվանելու որեւէ հնարավորություն չկա»,-հայտարարելէ պատգամավորը:
Մեկ օրում ռազմական գործողությունները կրեցին լայնածավալ բնույթ, արդեն զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում․ այս ամենը մատնանշում է, որ Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, վստահ է ռուսաստանցի պատգամավորը։ 2016 թվականի ապրիլին այսօրվա իրավիճակին նման ինչ-որ բան տեղի ունեցավ, այդ ժամանակ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց 1994 թվականից ի վեր առաջին անգամ։
«Այդ ժամանակ, այդ թվում մեր ջանքերով, դա արագ դադարեցվեց։ Անչափ մտահոգում է Թուրքիայի միջամտությունը, որը մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք»,- ասել է Զատուլինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններ ունի, որոնցում նշված է, որ Հայաստանի, ինչպես եւ պայմանագրի այլ անդամների վրա հարձակումը նշանակում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։ «Եվ Ադրբեջանում այս մասին, իհարկե, գիտեն։ Այս պատճառով էլ հարձակում են ձեռնարկել Ղարաբաղի շրջանում, որտեղ մենք այդպիսի պարտավորություններ չունենք»,- նշել է փորձագետը։
«Իրավիճակը լարված է։ Իհարկե, մենք չենք ցանկանում այնտեղ ներգրավվել»,- ասել է նա՝ հավելելով, որ ավելի վատթար կլիներ, եթե Ռուսաստանը շրջվեր ու ասեր․ «Իրար մեջ պատերազմեք»։
«Ներքին տեսակետից դա մեզ համար անվտանգ չէ։ Մեզ մոտ երկրում բնակվում է 1,5 մլն ադրբեջանցի եւ 2,5 մլն հայ,- ասել է քաղաքական գործիչը։ - Մենք դեմ ենք ցանկացած ռազմական լուծման։ Սա մեր դիրքորոշումն է։ Խաղաղ պայմանագիրը հնարավոր է»։