Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարեւոր է հաղթել նաեւ տեղեկատվական ճակատում. Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
Այս պայմաններում չափազանց կարեւոր է մեր լրատվամիջոցների զգոնությունն ու զգուշավորությունը՝ որեւէ պարագայում չտրվել կասկածելի, չստուգված տեղեկություններ տարածելու գայթակղությանը եւ հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային եւ հրթիռային հարվածներ են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Դժբախտաբար, արդեն իսկ կան զոհեր եւ վիրավորներ։ Արցախում եւ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք։
Ինչպես միշտ, Ադրբեջանն իր ագրեսիվ ռազմական գործողություններին զուգահեռ նույն ագրեսիվությամբ պատերազմ է մղում նաեւ տեղեկատվական դաշտում՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները։ Այս պայմաններում չափազանց կարեւոր է մեր լրատվամիջոցների զգոնությունն ու զգուշավորությունը՝ որեւէ պարագայում չտրվել կասկածելի, չստուգված տեղեկություններ տարածելու գայթակղությանը եւ հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։
Դա կարեւոր է՝ ինչպես մեր տեղեկատվության անվտանգության ապահովման, այնպես էլ այս պահին հատկապես զինծառայող որդիներ ունեցող ընտանիքներին խուճապային տրամադրություններից ու սթրեսային իրավիճակներից զերծ պահելու առումով։
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից եւ ուղղվածությունից, գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքների անվերապահ պահպանմամբ։
Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարեւոր է հաղթել նաեւ տեղեկատվական ճակատում, որովհետեւ դա հնարավորություն է տալու հետագայում ռազմական հաղթանակներն ամրագրել նաեւ դիվանագիտական ասպարեզում։
Կոչ ենք անում պատվով կատարել մեզ բաժին հասած այս պատերազմում մեր առաքելությունը եւ պրոֆեսիոնալ կատարել մեր զինված ուժերի թիկունքային ապահովվածության առաքելությունը։
Կոչ ենք անում շփման գոտում աշխատող մեր բոլոր գործընկերներին՝ ցուցաբերել առավելագույն զգուշություն եւ իրենց բոլոր գործողություններն անպայմանորեն համաձայնեցնել Արցախի պատկան կառույցների մամուլի ծառայությունների հետ։
Պատերազմական պայմաններում, որպես կանոն, ակտիվանում են նաեւ հայկական կայքերի դեմ ուղղված հաքերային հարձակումները, ուստի մեր բոլոր լրատվական կայքերի խմբագիրներին ու համակարգողներին կոչ ենք անում խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ եւ ապահովել կայքերի հավելյալ անվտանգություն»։