Ամերիկացին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել կարանտինի ընթացքում երեկույթներ կազմակերպելու համար
Ամերիկացին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինի ընթացքում երկու երեկույթ կազմակերպելու համար, հայտնում է NYP-ը:
Չարլզ շրջանի շերիֆի խոսքով՝ 42-ամյա Շոն Մարշալ Մայերսը մարտի 22-ին կայացած առաջին երեկույթի ժամանակ Հյուզվիլում գտնվող իր տանը 50-60 մարդ է հավաքել: Երբ սպաները ժամանել են, Մայերսը «առարկել է, բայց, ի վերջո, համաձայնել է ցրել երեկույթը»,- հայտարարել է շրջանի դատախազը:
Սակայն մեկ շաբաթից էլ պակաս անց նա մեկ այլ երեկույթ է կազմակերպել՝ ավելի քան 50 մարդու մասնակցությամբ:
«Սպաները Մայերսին հրամայել են ցրել երեկույթը, բայց նա կրկին պնդել է, որ ինքը եւ իր հյուրերը հանդիպելու իրավունք ունեն»,- հայտնել է նահանգի դատախազը: «Բացի փաստարկներից, Մայերսն իր հյուրերին ասել է, որ չցրվեն՝ ի հեճուկս ոստիկանության ցուցումների եւ նահանգապետի հրահանգի»: