Իրանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի սահմանափակումներն եւ կանոնները կխստացվեն
Իրանը կխստացնի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի սահմանափակումներն ու կանոնները: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` հայտարարելով, որ նոր սահմանափակումները առաջինն ուժի մեջ կմտնեն Թեհրանում, հաղորդում է Tasnim-ը:
Նախագահը հավելել է, որ առողջապահության նոր սխեման եւ արձանագրությունները հետագայում կկիրառվեն Իրանի այլ խոշոր քաղաքներում: Խստացված սահմանափակումները պատիժ կներառեն դիմակ չկրելու կամ հանրային առողջության կանոնների խախտման համար, ասել է նա:
Նախագահն Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոհեռարձակողին եւ հոգեւորականներին կոչ է արել համավարակի դեմ պայքարում հետեւել բժշկական արձանագրությունների պահպանման մշակույթին:
Ուրբաթ օրն Իրանում կորոնավիրուսով վարակման հետեւանքով զոհվածների օրական թիվը կրկին գերազանցել էր 200-ը, իսկ երկրում բռնկումից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 440 000-ի: Փետրվարից Իրանում ավելի քան 25.000 հիվանդ է մահացել COVID-19-ից: