Թուրքիայում Ուրֆայի եկեղեցիները և այլ հուշարձաններ շարունակում են ավիրվել գանձագողերի կողմից
Ուրֆայի (հին, պատմական անվանումը՝ Եդեսիա, ներկայիս թուրք․, պաշտոնական անվանումը՝ Շանլըուրֆա) Խալֆաթի գավառի պատմական եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավիրումներին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Urfanatik.com կայքէջը։
Հրապարակման հեղինակ Էմինե Ալբայրաքի հաղորդմամբ՝ թեև Ուրֆան իր մշակութային հուշարձանների շնորհիվ առաջին հորիզոնականում է գտնվում Թուրքիայում զբոսաշրջիկներին գրավող նահանգների շարքում, սակայն այստեղ որոշ պատմական կառույցներ հարկ եղածի չափով չեն պահպանվում։
Դրանցից մեկն էլ Խալֆաթիի պատմական (ամենայն հավանականությամբ՝ հայկական) եկեղեցին է, որը գտնվում է Գյուրքույու (Նոհրութ) թաղամասում։ Թեև եկեղեցին վերանորոգման և պահպանման կարիք ունի, սակայն շարունակում է ենթարկվել գանձագողերի ավիրումներին։ Եկեղեցում ոչ միայն վերականգման ուղղությամբ մինչ օրս որևէ աշխատանք չի կատարվել, այլ անգամ պատերի քարերը տեղահան են արվել, իսկ պատերը՝ քանդվել։
Հիշեցնենք, որ Խալֆաթին ժամանակին գյուղ էր Արևմտյան Հայաստանում, մասնավորապես՝ Կիլիկիա նահանգի Ուրֆա գավառում, որի հայ բնակչությունը բռնի աքսորվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ բնակիչների մեծ մասը զոհվել է տեղահանության ճանապարհին։