Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար
Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
«Թարմ օդում զբոսանքները և ֆիզկուլտուրայով պարապմունքները չեն սահմանափակվում:
Դա նշանակում է՝ տանից դուրս գալը խախտում չէ: Ես դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը՝ խնդրելով ձեռնպահ մնալ տարեց մարդկանց նկատմամբ պատասխանատվության միջոցառումներ կիրառելուց: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից»,- Սոբյանինը գրել է իր բլոգում:
Նա ընդգծել է, որ տուգանք կարող են գրել խանութ մտնելիս դիմակի բացակայության դեպքում: Սոբյանինը նաև նշել է, որ տարեց մոսկվացիների սոցիալական քարտերն արգելափակել չի պլանավորվում: «Իսկ եթե (հասարակական տրանսպորտով) ուղևորությունը շատ անհրաժեշտ է, ապա անպայմանորեն հարկավոր է օգտագործել դիմակներ ու ձեռնոցներ»,- ընդգծել է Սոբյանինը: 65-ից բարձր տարիքի այն մոսկվացիները, որոնք շարունակում են աշխատել, հեռավար ձևաչափի անցնելու համար կկարողանան հիվանդաթերթիկ ստանալ գործատուի հայտով:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապողներին հանձնարարել էր՝ սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Կորոնավիրուսով վարակակիրների թիվը Մոսկվայում կրկին սկսել է աճել:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 1560 դեպք, ընդհանուր առմամբ Ռուսաստանում արձանագրվել է 7212 նոր դեպք։