Մորատա․ Միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռոնալդուի հետ, նա ուրախ է իմ գալուն «Յուվենտուս»
Մադրիդի «Աթլետիկոյից» վարձակալությամբ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմի հետ անցկացրած առաջին մարզումներից հետո պատմել է տպավորությունների մասին։ Նա հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։
«Պիրլոն հրաշալի տպավորություն թողեց, նա ստեղծված է լինելու մարզիչ։ Դա այն է, ինչ պետք է «Յուվենտուսին»։ Արդեն երկու մարզումից հետո տպավորված եմ, թե ինչպես է նա կառավարում թիմը։
Ռոնալդուի հետ ես միշտ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ։ Նա ուրախ է իմ գալուն «Յուվենտուս»։
Իտալիայի անցած առաջնության շատ հանդիպումներ եմ դիտել։ Ա Սերիան ավելի բարդ է դարձել։ «Յուվենտուսի» համար շատ կարեւոր է Չեմպիոնների լիգան։ Եթե այս մրցաշրջանում կարողանանք հաղթել այդ մրցաշարում, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը»,- Մորատայի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։
Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2014-2016-ին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր, սուպերգավաթակիր։