Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը
Փարիզում ձերբակալվել է սեպտեմբերի 25-ին դանակով 4 հոգու վիրավորած անձը։ Այդ մասին հաղորդել է մայրաքաղաքի ոստիկանությունը՝ տեղեկացնում է Interfax-ը։
Հարձակումը կատարվել է Փարիզի 11-րդ օկրուգում, «Շառլի Էբդո» ֆրանսիական հանդեսի նախկին խմբագրությունից ոչ հեռու:
Իր հերթին BFMTV հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հաղորդել էր, որ հարձակումը կատարել են երկու հոգի: Նրա տվյալներով՝ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Le Figaro թերթը հաղորդել է, որ անհայտ տղամարդը դանակով վիրավորել է չորս մարդու և թաքնվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ելիսեյան պալատից ուշադիր հետևում է իրադրությանը»՝ նախագահական գրասենյակը հաղորդել է BFMTV հեռուստաալիքին: Այլ մեկնաբանություններ իշխանություններն առայժմ չեն տալիս։