Ադրբեջանում սկսվել է պահեստայինների անսպասելի զորակոչ․ BBC
Ադրբեջանում սկսվել է պահեստայինների անսպասելի զորակոչ․ վաղուց պահեստազոր զորացրվածներին կանչում են զինկոմիսարիատներ եւ անմիջապես վարժանքների ուղարկում, իսկ փողոցներում ոստիկանները վերցնում են անձնական օգտագործման բեռնատարները բանակի կարիքների համար։ Ընդ որում՝ չի հայտարարվել ո՛չ ռազմական դրություն, ո՛չ համընդհանուր հավաքագրում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկուշաբթի առավոտյան Ֆուադը (հերոսի եւ նրա կնոջ անունները փոխված են) պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ նրան զանգահարել են զինկոմիսարիատից։ Գրեթե 20 տարի առաջ բանակում ծառայած Ֆուադը պահեստազորի զինծառայող էր։ «Նրան կանչել են զինկոմիսարիատ, ասել, որ պետք է նշում կատարվի,- պատմում է նրա կինը՝ Սեւդան։ - Նա գնաց այնտեղ եւ անհետացավ»։
Սեւդան մինչեւ կեսգիշեր հուզմունքից իր տեղը չէր գտնում, երբ ամուսինը վերջապես զանգահարել է եւ ասել, որ իրեն հավաքների են տարել։
Նրա խոսքով՝ սկզբում ենթադրվում էր, որ նա հավաքների կլինի ընդամենը 15 օր, բայց ավելի ուշ ուրիշի հեռախոսից զանգելով՝ հայտնել է, որ ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2 ամիս։
Ադրբեջանում սկսվել է պահեստազորի զինվորականների հավաքագրում, հաղորդվում է հավաքագրման եւ զինծառայության զորակոչի հարցերով պետական ծառայության հայտարարության մեջ։ «Ըստ «Զինապարտության եւ զինծառայության մասին» օրենքի՝ պահեստազորի զինապարտները զորակոչվում են ռազմական թրենինգների, ռազմական ստուգումների եւ հատուկ հանձնարարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։
Տեղական լրատվամիջոցներին հետ զրույցում պետծառայությունից ավելի ուշ պարզաբանել են, որ խոսքը պահեստազորի զինապարտ ծառայողների սովորական հավաքների մասին է, որոնց ընթացքում նրանք ամրապնդում են իրենց ռազմական հմտությունները եւ գիտելիքները։
Բացի այդ, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի բնակիչները հաղորդագրություններ են փոխանակում այն մասին, թե ինչպես է ոստիկանությունն առգրավում անձնական փիքափները եւ դրանք ուղարկում առանձին կայանատեղի:
ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը գործում է «Զինվորական տեխնիկայի գրանցման կանոնակարգի» համաձայն, որը հաստատվել է երկրի կառավարության կողմից: Պաշտոնյաների խոսքով` ՆԳ նախարարությունը տրանսպորտային միջոցների ախտորոշում կանցկացնի` «զինված կազմավորումների ժամանակին, որակյալ եւ ամբողջական ծածկման նպատակով»:
Սակայն չնայած ո՛չ համընդհանուր հավաքագրում, ո՛չ ռազմական դրություն չի հայտարարվել, մարդիկ անհանգստացած են, եւ տեղական քաղաքական գործիչները քննարկում են Հայաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը: Բրիտանացի քաղաքագետ եւ կովկասյան հակամարտությունների հետազոտող Լոուրենս Բրոյերսը վստահ է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը շահագրգռված չեն լայնամասշտաբ պատերազմի հարցում: «Այս տարվա հուլիսին եւ 2016-ի ապրիլին մենք տեսանք, որ սահմանային լանդշաֆտն ու ենթակառուցվածքները կանխում են լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը,- ասում է նա: - Շատ ավելի հավանական է փոքր մասշտաբի էսկալացիան»: