Մոսկվայի իշխանությունները տարեց մարդկանց խնդրել են տանը մնալ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 65-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խնդրել է սեպտեմբերի 28-ից տանը մնալ, հաղորդում է Meduza-ն:
Նման մարդիկ չպետք է առանց հատուկ անհրաժեշտության դուրս գան տնից: Նրանք պետք է հնարավորինս քիչ խանութներ եւ դեղատներ գնան եւ դիմակ ու ձեռնոցներ կրեն: Առաջարկվում է նաեւ ժամանակավորապես հրաժարվել հարազատների եւ ընկերների հետ շփումից, ովքեր առանձին են ապրում: Բացօթյա զբոսանքներն ու մարզումները չեն սահմանափակվում:
65-ից բարձր տարիքի աշխատող եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում անցնել հեռավար աշխատանքի կամ արձակուրդ վերցնել:
Սոբյանինը դիմել է նաեւ գործատուներին` խնդրելով նրանց հնարավորինս շատ աշխատողների տեղափոխել հեռավար աշխատանքի: Նա խորհուրդ է տվել խստորեն պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության միջոցներն աշխատավայրերում` ախտահանել, հետեւել հեռավորությանը, դիմակներ եւ ձեռնոցներ օգտագործել, չափել աշխատողների ջերմաստիճանը եւ COVID-19-ի աշխտորոշման թեստեր անցկացնել:
Բացի այդ, Սոբյանինը խնդրել է խստորեն պահպանել դիմակների եւ ձեռնոցների ռեժիմը տրանսպորտում, խանութներում եւ հասարակական այլ վայրերում: «Մենք բոլորս բացարձակապես չենք ցանկանում վերադառնալ այս գարնան դաժան սահմանափակումներին: Հուսով եմ` կարող ենք խուսափել դրանից: Բայց միայն այն դեպքում, եթե հոգ տանենք մեր եւ մերձավորների մասին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը:
Սեպտեմբերի 24-ին Մոսկվայում հունիսից ի վեր առաջին անգամ COVID-19-ով վարակման ավելի քան հազար նոր դեպք էր գրանցվել: